Խաղաղությունն այլ դիտանկյունից. տեղի ունեցավ «Վերաիմաստավորելով խաղաղությունը»ֆոտոցուցահանդեսը12/16/2016 for English version
Դեկտեմբերի 3-ին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը կազմակերպեց իր ամենամյա միջոցառումը, որն ի տարբերություն մյուս տարիների տարբերվում էր ընտրված ֆորմատով և լավ հնարավորություն էր ստեղծում խորհելու և խոսելու խաղաղության մասին այլ դիտԱնկյունից: Այս անգամ նախապատվությունը տալով լուսանկարչությանը որպես վիզուալ մեդիայի հարթակ` նախաձեռնությունը կազմակերպեց ֆոտոցուցահանդես, որը, համաձայն իր բնույթի, կրում էր «Վերաիմաստավորելով խաղաղությունը» կարգախոսը: Ծրագրին կարող էին մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր հետաքրքրված անձինք` անկախ մասնագիտությունից, ում հնարավորություն էր տրվում օգտագործել ցանկացած տեսակի լուսանկարչական միջոց: Ցուցահանդեսն ի սկզբանե ուներ իր կոնցեպտը, որում ասվում էր. «Պատերազմն իր էությամբ կործանարար է, ինչը հանգեցնում է աղքատության, բերում կրթական, առողջապահական և այլ համակարգերի համընդհանուր քայքայմանը, գենդերային դերերի սուր բևեռացմանը, որի արդյունքում նկատվում է որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ցածր ցուցանիշ, ԶԼՄ-ների հեղեղմանը ատելության քարոզչությամբ, մեկը մյուսին հակասող լրատվական տեղեկատվություններով, ինչի արդյունքում խախտվում է անհրաժեշտ ու ադեկվատ տեղեկատվություն ստանալու մեր իրավունքը: Նման իրավիճակներում կենսական անհրաժեշտություն է առաջանում հեռացնել մեր առօրյայից ատելության ահռելի չափաբաժինն ու խոսել խաղաղության մասին: Այսպիսով` «Վերաիմաստավորելով խաղաղությունը» ֆոտոցուցահանդեսը առիթ է ստեղծում լինելու կամ դառնալու մասնակից խաղաղության ինքնատիպ գաղափարների կերտմանը»: Ցուցահանդեսը տեղի ունեցավ Հոդված 3 ակումբում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ինչպես խաղաղության, հակառազմականության, խաղաղության գործընթացում կնոջ դերի կարևորության վերաբերյալ իրենց հայացքները, այնպես էլ պատերազմի քայքայող հետևանքների մասին իրենց պատկերացումները: Միջոցառման սկզբում «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության անդամ Արփի Բալյանը ներկայացրեց իր «պատերազմը խաղաղություն է» հակառազմականությունը նկարագրող կարճրամետրաժ ֆիլմը, որտեղ խնդրահարույց վերնագիրը հղում է անում Ջորջ Օուրելի «1984» վեպի ամենահայտնի այլաբանական մեջբերումը. «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը` ստրկություն, տգիտությունը` ուժ»: Ուշադրության են արժանի ցուցահանդեսին ներկայացված նկարների նկարագրությունները. «Դու, գուցե, մենակ ես, բայց քո պայքարն ապարդյուն չէ, երբ նպատակդ ձգտում է խաղաղին»: Արուսիկ Օհանյան «Մենք փնտրում ենք խաղաղություն՝ իմանալով, որ խաղաղությունն ազատության կլիման է»: Մելինե Գրիգորյան «Խաղաղությունը գալիս է երբ մենք գիտենք մյուս ազգերի մշակույթը, ավանդույթները և կրոնը, սովորում ենք հասկանալ և հարգել միմյանց»: Լիդիա Սլեպցովա «Ես տեր չունեմ». Խաղաղությունը սկսվում է ապագաղութացմամբ, իմ մարմնի ապագաղութացմամբ՝ տերերից, իշխաններից, համակարգերից, նորմերից, սահմաններից, ճնշումներից: Երբ իմ մարմինն ազատագրվում է հայրիշխանությունից, ապագաղութացումն անցնում է իմ մարմնից անդին: «Աղբահանություն».Խարխլենք գաղափարախոսական մեքենաները, որոնք մեր մեջ կերտում են ուրիշին, ուրիշ, ով ուրիշ չէ, բայց (վեր)արտադրվում է այդպիսին զինվորակեր ու մարդակեր բռնապետների գրպանները լցնելու ու իրենց լեգիտիմությունը ահի մեջ պահելու համար: Ազատվենք այդ աղբից: Աննա Նիկողոսյան «2013թ., Երևան, Ձիասպորտի կենտրոն. Ժամանակին պատերազմ էին գնում ձիերով և հատուկ համազգեստով: Իսկ այժմ արդեն տասնամյակներ շարունակ ձիերը մարտի դաշտ դուրս չեն եկել: Համազգեստը մնացել է պահարանում. կարծես խաղաղություն է, բայց արի ու տես…»: Էդուարդ Մկրտչյան «Խաղաղությունը համակեցությամբ». Երբ ես հանդուրժում եմ ինձնից տարբերին, երբ ինձնից տարբերը հաերաշխ է իմ գոյության հետ, մեր բազմազանությունը կենսական է դառնում: Արփի Բալյան Միջոցառման վերջում լուսանկարների հեղինակները պարգևատրվեցին վկայականներով և ստացան Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի թիմի կողմից թարգմանված Հաննա Արենդթի «Մենք` փախստականներս» էսսեների ժողովածուն, որի շուրջ նախաձեռնության անդամները հաջորդ տարում նախատեսում են հանդիպում-քննարկում գրքի խմբագրի և թարգմանիչների հետ:
0 Comments
Leave a Reply. |
|