երկրորդ տարեկան կոնֆերանս[ENGLISH VERSION] Ապրիլի 28-30-ը Ավիատրանս հյուրանոցում տեղի ունեցավ «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության կամզակերպած «Խնդրականացնելով ռազմականությունը, ազգայնականությունը և խաղաղության դիսկուրսները» խորագիրը կրող երկրորդ տարեկան կոնֆերանսը: Կոնֆերանսը հնարավորություն էր ներկա բանախոսների և հյուրերի համար խոսելու խաղաղության մասին իրենց ընկալումների, դրանց շուրջ իրենց դիմադրության արդյունքում հանդիպած խոչընդոտների և խնդիրների մասին։ Օր առաջին Կոնֆերանս-ֆորումը մեկնարկեց նախաձեռնության պատմության և ծավալած գործունեության մասին մասնակիցների իրազեկմամբ: Այդ նպատակով Լիդա Մինասյանը կիսվեց «Սևազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնության «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի հետ ունեցած կապի և միասին ծավալած գործունեության վերաբեյալ կարևոր տեղեկատվությամբ: Այս հատվածում մեզ հետ իր հիշողություններով և տպավորություններով կիսվեց նաև «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի հիմնադիրներներից Աննա Արուճյանը, ով իր ողջույնի խոսքում հիշատակեց այն մասին, որ նախաձեռնությունը Հայաստան բերելու նպատակներից էր այն առանձին և անկախ մարմին տեսնելը: Կոնֆերանսին ներկա բանախոս Աիդա Սիմոնն իր «Ոչ-բանավոր հաղորդակցություն. ճանաչում ենք միմյանց» ելույթի ընթացում հնարավորություն տվեց մասնակիցներին կարճ ժամանակահատվածում փոքրիկ վարժությամբ ճանաչել միմյանց և այդպիսով ֆորումը դարձնել ավելի ինտերակտիվ և ոչ-ֆորմալ: Այս ակտիվությանը հետևեց իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի խոսքը Հայաստանում իշխող ռազմականության վերաբերյալ: Բանախոսը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է ռազմականությունը խոր արմատներ ձգել քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում և թե ինչպես է հնարավոր խուսափել այդ ամենից: Օրվա ավարտին Քնարիկ Մկրտչյանը քննարկումների միջոցով ներկայացրեց, թե ինչ ազդեցությունը կարող են ունենալ կոնֆլիկտները կանանց վրա և դրանք կարգավորող ինչ մեխանիզմներ կան աշխարհում: Տեղական և միջազգային օրինակների հիման վրա խոսվեց կոնֆլիկտների ընթացքում կանանց հանդիպած դժվարությունների մասին և սահուն անցում կատարվեց 1325 բանաձևին: Օր երկրորդ Երկրորդ օրը Աննա Ժամակոչյանը հանդես եկավ «Ազգային միասնությունը՝ դիմադրության ծուղակ» բանախոսությամբ, որի ընթացքում ներկայացրեց, թե ինչ է իրենից նշանակում «Ազգային միասնությունը», որոնք են դրա ակունքները և տարբեր իրողությունների արդյունքում ինչ դրսևորումներ են ունեցել կամ ունենում: Այս հատվածում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը խոսեց քաղաքացիական պայքարների պատմության մասին և կիսվեց խաղաղ դիմադրության սեփական փորձով, որը ներկայացվեց ազդեցիկ ու յուրօրինակ տեղական օրինակներով և ուղեկցվեց վերջինիս կողմից քննադատությամբ: «Beyond Borders» նախաձեռնության անդամ Տաթև Թաթուլյանը իր զեկույցում պատմեց նախաձեռնության շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի կանանց հետ հետաքրքիր պատմությունների և փորձի փոխանակման միջոցով իրականացրած ծրագրերը: Այս բանախոսությանը հաջորդեց ֆեմինիստ-ակտիվիստ Ռեբեկա Ջոնսոնի ելույթը: Վերջինս հանդիսանում է «Սևազգեստ կանայք» միջազգային ցանցի լոնդոնյան նախաձեռնության անդամ: Նա տեսազանգի ընթացքում խոսեց իր ոչ-բռնի պայքարի ներկա և անցյալ փորձից, մասնակիցների ներգրավմամբ փորձեց բացահայտել և քննարկել տեղական ակտիվիզմի և դրանց արդյունքում հանդիպած խնդիրների օրինակները: Օր երրորդ Երրորդ օրը քուիր ֆեմինիստ Աննա Նիկողոսյանն հանդես եկավ 1325 բանաձևի ֆեմինիստական քննադատությամբ և մանրամասն ներկայացրեց, թե վերջինս ինչպես է կոոպտացնում (յուրացնում) ֆեմինիզմն ու ոչ ուղղակի ձևով տեղ տալիս ռազմականությանը: Միլենա Աբրահամյանը, ներկայացրեց իր «Կանանց դերի և կանանց մասին կարծրատիպերը՝ որպես խաղաղարարներ» զեկույցը, որի ընթացում «Ինչպիսի կանայք, ինչպիսի խաղաղություն» հարցադրման միջոցով փորձեց քննարկման միջոցով խնդրականացնել կանանց և խաղաղության մասին ընկալումները: Կոնֆերանսն ավարտվեց բուռն քննարկամամբ և մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ ոլորտում առկա հիմախնդիրների հետ և նոր հայացքներ ձեռք բերել խաղաղության, միլիտարիզացիայի և կանանց մասին առկա կարծրատիպերից դուրս խաղաղարարարներ լինելու վերաբերյալ:
0 Comments
Leave a Reply. |
|