«Հաննա Արենդթի մահվանից ավելի քան քառասուն տարի է անցել, բայց նրա հայացքներն ու գաղափարները շարունակվում են մնալ սոցիալական ու հումանիտար գիտություններում բնագավառ հատող ուսումնասիրությունների ու բանավեճերի կիզակետում: Հսկայական թվով ժամանակակից քաղաքական մտածողներ շարունակում են այսպես թե այնպես անդրադառնալ, հղել նրան կամ հրվել նրա հայացքներից»:
Նաիրա Մկրտչյան Փետրվարի չորսին «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղշինական նախաձեռնությունում տեղի կունենա Հաննա Արենդթի «Մենք՝ փախստականներս» էսսեների ժողովածուի քննարկումը: Քննարկմանը ներկա կլինեն ժողովածուի թարգմանիչներն ու հեղինակի տեքստերով հետաքրքրված անձինք: Գրքի խմբագիր Շուշան Ավագյանն իր «Թարգամանության մասին» ներածական խոսքում նշում է՝ «...ժողովածուում տեղ գտած տեքստերը, որ Հաննա Արենդթին հետևելով կարելի է անվանել քաղաքական մտքի վարժություններ, նաև թարգմանական վարժություններ են, որոնք արվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության պրակտիկայի դասընթացի շրջանակում: Ի տարբերություն արդի և ժամանակակից թարգմանական փորձին, որտեղ կա միայն մեկ թարգմանիչ, այս տեքստերի վրա աշխատել են երեսունվեց թարգմանիչներ, և նպատակը կարծես թե ավելի շատ եղել է ոչ թե վերջնական արդյունքը, այլ հենց ընթացքը՝ տեքստերն ընտրելու, ընթերցելու, քննարկելու, վերլուծելու, մեկնաբանելու, թարգմանելու ժամանակամիջոցը: Այլ կերպ ասած՝ նպատակը եղել է տեքստերն ապրեցնել թարգմանության միջոցով և ստեղծել մի գիտակից համայնք, որը կմտածի Արենդթի հետ միասին նրա բարձրացրած հարցերի շուրջ, և կլայնացնի հարցերի շրջանակն այնքան, որ հարցերը կնրառեն նաև մեզ և մեր իրականությունը, կամ այնպես, որ մենք ներառենք այդ հարցերը մեր գիտակցության մեջ: Եթե կարողացել ենք ընթերցողին փոխանցել այդ մտածելու ընթացքը (մտածել՝ որպեսզի հասկանալ, ինքդ քեզ համար, այն է՝ մտածել քննադատական ձևով, քաղաքականացնելով ամեն երևույթ, և դրանով իսկ մերժել անտարբերությունը), ուրեմն թարգմանությունը հաջողել է»: Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպելու միտքը հղացել է «Վերաիմաստավորելով խաղաղությունը» ֆոտոցուցահանդեսի ժամանակ, որի ընթացում ցուցահանդեսի մասնակիցներին բաժանվել էին Արենդթի վերը նշված ժողովածուն: Ժողովածուն թարգմանվել է 2016 թվականին և հնարավոր է գտնել Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում:
0 Comments
Leave a Reply. |
|