Նոյեմբերի 10-ը «Հանուն Խաղաղության և Զարգացման՝ Գիտության Համաշխարհային օրն է», որը նպատակ ունի ընդգծելու գիտության կարևորությունը հասարակության զարգաման համար, ինչպես նաև ցույց տալու այն հանգամանքը, որ գիտությունը, խաղաղությունը և զարգացվածությունը փոխկապակցված են միմյանց: Օրվա մասին հիշատակելը նպատակ ունի առաջին հերթին հանրայնացնել այն և ներգրավել հասարակությանը գիտական հարցերի շուրջ քննարկումներում: Այս միջոցառումը լավ առիթ է նշելու, թե որքան կարևոր և արդիական է գիտությունը մեր ամենօրյա-առօրյա կյանքում: Ցույց տալով, որ գիտությունը սերտորեն կապված է հասարակության հետ՝ Հանուն Խաղաղության և Զարգացման Գիտության Համաշխարհային Օրվա նպատակներից մեկն է երաշխավորել քաղաքացիների տեղեկացվածությունը գիտության զարգացումների վերաբերյալ: Այն նաև ընդգծում է մեր մտահորիզոնի ընդլայնման մեջ գիտնականների կատարած դերի կարևորությունը: Հայաստանն այսօր: Համաձայն Գլոբալ Ռազմականացման Համաշխարհային ցուցիչ 2016 զեկույցի Հայաստանի ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 5.9 տոկոսը, այնինչ կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է․ եթե այս տարի այն կազմում է 2.34 տոկոս, 2018-ին կլինի 2.18 տոկոս, 2019-ին` 1.99 տոկոս, իսկ 2020 թվականին` 1.85 տոկոս: Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը երկիրը տանում է ռազմականացման ճանապարհով՝ պատճառաբանելով, որ ռազմական ոլորտն ավելի կարևոր է ներդրումների համար, քան կրթությունը: Այդ ռազմականացման ցուցիչներից մեկն էլ ՊՆ-ի կողմից մշակված «Ազգ-բանակ» հայեցակարգն է, որի մի մաս է կազմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ըստ այս օրենքի նախագծի՝ ուսման համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակվում է․ ակադեմիական տարկետում տրամադրման կարգի այս փոփոխությունը անդրադառնում է նաև ներկայումս արական սեռի ուսանողների վրա մի կրթական աստիճանից մյուսին անցնելիս։ Մի խումբ երիտասարդներ դասադուլ են հայտարարել և պայքարում են իրենց կրթական իրավունքների համար, որպեսզի այս նախագծը օրինական կարգավիճակ չստանա: «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնությունը, դատապարտելով երկրում օրեցօր ավելացող ռազմականացումը և կարևորելով երկրի կայուն զարգացման գործում կրթական ոլորտի ներդրումների անհրաժեշտությունը, միանում է երիտասարդների պահանջին՝ չսահմանափակել տարկետման իրավունքը և վերանայել կրթության ու ռազմական ոլորտին հատկացվող ծախսերն ու կատարել զարգացող երկրին համարժեք ներդրումներ կրթության ոլորտում:
0 Comments
Leave a Reply. |
|