ENGLISH VERSION Նոյեմբերի 15-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ «Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չե՞ս լսում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն էր փորձ կատարել փողոցային արվեստը փողոցից «թանգարան» բերելու, կարդալ և լսել տալու պատկերները, ձայները, որոնք ինչ-որ արտոնյալ օրակարգերի պատճառով չեն հայտնվում մեր տեսադաշտում, թաքցվում են կամ մոռացության մատնվում: Հեղինակը մեր նախաձեռնության անդամ Արփի Բալյանն է, սակայն գրաֆիտիների էսքիզների և կաղապարների պատրաստումը եղել է երիտասարդ արվեստագետ Հանիել Կասսի հետ համատեղությամբ: Հեղինակն իր աշխատանքն իրականացնելիս նշում է, որ այս գրաֆիտիները՝ «ելել են պարտիզանական պայքարի հեռավոր քաղաքների բանուկ փողոցների պատերին, դրանք սկզբունքորեն տեղավորվել են այնպիսի կառույցների մոտ, որոնք պատճառ են ինչպես այդ ձայների խզման, այնպես էլ խոչընդոտ այդ պատկերների տեսանելիության համար: Այդուհանդերձ այդ ձայները, պատկերները եկել են «թանգարան» վերաներկայանալու, խոսելու, տարածվելու (ասեկոսեի պես արագ), ցույց տալու իրենց քողարկման վտանգավորությունը, առաջադրելու իրենց օրակարգը»: «Ահագնացող միլիտարիզացիան», հանդպում ենք ցուցահանդեսի կոնցեպում,- «որն իր գոյատևման համար արտոնություններ է տալիս մասկուլինացմանը, հնարավորինս լռեցնում է այդ ձայները, պատկերները, ստորակարգում ֆեմինինությունը կամ արհամարհում դրա գոյության անհրաժեշտությունը, իրավունքը: Իր արտոնյալ դիրքը աներեր պահելու նպատակով միլիտարիզացիան հայրիշխանության միջոցով ստեղծում է մի գործիքակազմ, որով «բնական» կաղապարներ է տալիս կնոջը՝ «լավ քաղաքացի», «հերոսի մայր», «անաղարտ դուստր» և «անձնազոհ քույր» կարծրատիպեր, որոնք վերարտադրվում և հաստատվում են ցիս-տղամարդկանց կենացներով, ցանկացած տեսակի մեդիայով, մեր առօրյա խոսակցությունների և հարաբերությունների միջոցով: Սրանցից դուրս ինքնությունները «օրինական» չեն, որովհետև կարող են կասկածի տակ դնել հայրիշխանական համակարգը, սպառնալիք լինել միլիտարիզացման շարունակականությանը»: Ցուցահանդեսի ընթացքում հնչում էին Ա. Բալյանի ֆեմինիստական և հակառազմական տեքստերի աուդիո ձայնագրությունները, իսկ մեկ այլ անկյունում նրա հեղինակած մեկ րոպեանոց ֆիլմը Հայսատանի մի շարք քաղաքներում գոյություն ունեցող «անանուն» կանանց արձանների վերաբերյալ: Ամբողջ ցուցահանդեսը և գաղափարի իրականացումը տեղի է ունեցել Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ: Կարևոր է նշել նաև այն, որ ՆՓԱԿ-ի հանդուրժող վերաբերմունքը նման օրակարգին նույնպես հնարավորություն էր, որպեսզի գրաֆիտիները դրսևորովեն այն պարզությամբ և ազատությամբ, որպիսին որ այն փողոցում էր:
0 Comments
Leave a Reply. |
|